Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
Իրավունք
Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կասկածանքով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։
Նախաքննությամբ, ըստ ՔԿ-ի, պարզվել են տվյալներ այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատել է Գոռ Մինասյանի մոտ՝ որպես անասնապահ։ Պայմանավորվածությամբ նրա ամսական աշխատավարձը պետք է կազմեր 150-200 հազար դրամ, սակայն աշխատավարձի փոխարեն նրան տարբեր ժամանակահատվածներում վճարվել է 50-100 հազար դրամ։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ Վ.Ս.-ն աշխատել է օրական մոտավորապես առավոտյան 6-ից մինչև գիշերվա 1-ը՝ հիմնականում առանց հանգստյան օրերի։ Աշխատանքը չկատարելու, ուշ արթնանալու կամ վատառողջ լինելու դեպքում, ըստ քննության, Գոռ Մինասյանը նրան ծեծի է ենթարկել, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել և ստիպել շարունակել աշխատանքը։
Վ.Ս.-ն մի քանի անգամ փորձել է հեռանալ աշխատանքից և մեկնել Երևան, սակայն, ըստ ՔԿ-ի, Գոռ Մինասյանը նրա հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով՝ տեղեկացել է նրա գտնվելու վայրի մասին, վերադարձրել նրան և կրկին ստիպել աշխատել։ Քննությամբ նաև պարզվել է, որ Գոռ Մինասյանը սահմանել էր 24-ժամյա հսկողություն և արգելել էր աշխատանքից հետո որևէ տեղ գնալ։
Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)