Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի դեմ պատերազմը մոտենում է ավարտին՝ Եմենում մարտերի սրման ֆոնին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի՝ Իրանի դեմ արդեն յոթ ամիս շարունակվող պատերազմը մոտենում է ավարտին։ Նրա հայտարարությունը հնչել է այն պահին, երբ հակամարտությունը տարածվել է Եմենի ուղղությամբ․ Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, իսկ վերջիններս անօդաչուներով և հրթիռներով գրոհում են Սաուդյան Արաբիայի տարածքը, հայտնում է Reuters-ը։
«Հուսով եմ՝ մենք մոտենում ենք պատերազմի ավարտին»,- լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա պնդմամբ՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել, և Թեհրանից Վաշինգտոնը «ուղիղ» հաղորդագրություն է ստացել, սակայն ԱՄՆ նախագահը մանրամասներ չի ներկայացրել։ Reuters-ի տվյալներով՝ Թրամփը նաև նախատեսում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Պարսից ծոցի մի շարք երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հակամարտության հետագա ընթացքը։
Իրավիճակի սրումը մեծացրել է նաև համաշխարհային էներգետիկ շուկայի ռիսկերը։ Հութիների հարձակումներից վնասվել է Սաուդյան Արաբիայի Արևելք–Արևմուտք նավթամուղը, իսկ Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումներն արդեն ազդել են մատակարարումների վրա։ Brent տեսակի նավթի գինը վերջին օրերին պահպանվել է մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր մակարդակում։
Միաժամանակ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի Յանբու նավթային նավահանգստի և Խամիս Մուշայթ ավիաբազայի ուղղությամբ նոր հրթիռային ու անօդաչու հարվածների մասին։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հաստատել են, որ իրենց և սաուդյան ուժերը հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, մինչդեռ Էր Ռիադը պաշտոնապես չի հաստատել այդ գործողությունները։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)