Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Իրավունք
Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման դեպքերը բացահայտելու հարցում հետևողական են:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Քանաքեռ-Զեյթունի և Արմավիրի բաժինների համայնքային ոստիկանները։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քանաքեռի փողոցի 51-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում և իրացնում է ոգելից խմիչքներ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են օղիով և կոնյակով լցված 10-լիտրանոց տարաներ, 12 շիշ օղի, օղու դատարկ շշեր, խցաններ, ակցիզներ։Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ Բամբակաշատ գյուղի 62-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, իրացնելու նպատակով պատրաստում է կեղծ օղիներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 62-ամյա տղամարդու տան և կից օժանդակ շինության զննությամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի 92 շիշ օղի։Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը