Վայոց ձորում կամավոր հանձնվել են ինքնաձիգ, նռնակներ և երկու հրացան
Իրավունք
Վայոց ձորի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու մի քանի դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Եղեգնաձոր-Գետափ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված պահունակ և երեք նռնակ՝ պայթուցիչներով։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գետափ գյուղի 36-ամյա բնակիչը ներկայացրել է «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապին։ Արտաբույնք գյուղի 31-ամյա բնակիչը ևս կամավոր հանձնել է հանգուցյալ պապին պատկանած «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացանը։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը