Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի
Քաղաքական
Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Դրան հաջորդեցին Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունները, դատավարություններն ու դատավճիռները։
Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ հայտարարություն է տարածվել, որը ներկայացնում ենք ստորև։
« Երեք տարի գերության մեջ
Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:
Այս երեք տարվա ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերը երկար ճանապարհ են անցել՝ տասնյակ մեղադրանքներով և հարյուրավոր հատորներից բաղկացած նյութերով նախաքննություն, դատավարություն Բաքվի ռազմական դատարանում, ծանր դատավճիռներ։
Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրոպական խորհրդարանը բազմիցս արձանագրել են արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումները։
2026թ. փետրվարին, դատավճիռների հրապարակումից հետո, Amnesty International-ը հայտարարեց, որ Էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, ոչ այլ ինչ է, քան ծաղր»:
Free Armenian Prisoners-ն ըստ տարիների առանձնացրել է այն կարևոր փաստերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերով: »


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը