Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն
Քաղաքական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։
Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում Հայաստանի դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները սեպտեմբերից հասանելիություն ունեն ChatGPT Edu և Codex հարթակներին՝ ստանալով շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն։ Քննարկվել են ծրագրի պիլոտային փուլի ընթացքին, ուսուցիչների վերապատրաստմանը, ԱԲ կարողությունների զարգացմանը, ծրագրի արդյունքների գնահատման մեխանիզմներին, անվտանգ և պատասխանատու կիրառման սկզբունքներին, ինչպես նաև հետագա ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում ԱԲ գործիքների կիրառման առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ այս փուլում հիմնական շեշտադրումն ուսուցիչներին աջակցելու և նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու վրա է դրվում։ Միաժամանակ, ԱԲ-ն դիտարկվում է որպես սովորողների անհատական կրթական կարիքներին և առաջընթացին աջակցելու գործիք։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդգծել է ուսուցչի ուղղորդող դերը՝ հաշվի առնելով, որ սովորողներն արդեն իսկ ակտիվորեն օգտվում են ԱԲ տարբեր գործիքներից։
Նշվել է, որ ուսուցիչների և դպրոցների ղեկավարների համար մշակվել են օժանդակ նյութերի ու ԱԲ գործիքներին տրվող հրահանգների օրինակներ, որոնք կարող են կիրառվել դասերի պլանավորման, չափորոշիչներին համապատասխան ուսումնական նյութերի և գնահատման տարբեր մոտեցումների մշակման համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կրթական համակարգում ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին․ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» և Step AI կրթական ծրագրերը՝ նախատեսված ավագ դպրոցների համար։
OpenAI-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի մեկնարկային փուլում ուսուցիչներն արդեն մեծ հետաքրքրություն և ակտիվություն են ցուցաբերում։ Կարևորվել է նաև հայաստանյան հետազոտողների, համալսարանների և կրթական կազմակերպությունների ներգրավումը՝ տեղական հետազոտական կարողությունների զարգացման և միջազգային գործընկերների հետ կապերի ձևավորման նպատակով։ Քննարկվել են նաև ուսուցիչների համար վեբինարների, կարճ ուսուցողական տեսանյութերի և ուսումնական ծրագրին համապատասխան նյութերի մշակմանն առնչվող հարցեր։
Հանդիպման առանցքային թեմաներից են եղել սովորողների կողմից ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը, երեխաների պաշտպանությունը, ծնողների իրազեկումը, ինչպես նաև կրթական հաստատություններում համապատասխան քաղաքականությունների ձևավորումը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են պիլոտային փուլի ընթացքում փաստական տվյալների հավաքագրումը, ուսուցիչների և կրթական հաստատությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև ծրագրի աշխարհագրական ու բովանդակային ընդգրկման գնահատումը։
OpenAI-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ աջակցելով հետազոտություններին, ուսուցիչների վերապատրաստմանը և ԱԲ-ի կիրառման վերաբերյալ քաղաքականությունների մշակմանը։ Կարևորվել է նաև ԱԲ գործիքների կիրառումը երիտասարդական քաղաքականության ծրագրերում։
Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի պետական ֆինանսավորման հնարավորությունը։
Հայաստան այցի շրջանակում OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը