«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է
Իրավունք
Արաբկիր վարչական շրջանում 60-ամյա տղամարդը, ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ, խանութների աշխատակիցներից գումար է վերցրել։ Դեպքերի մասին ահազանգերը ստացվել էին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութում, իբր ստուգում կատարելուց հետո, կազմել էր ակտ և որպես «սպասարկման վճար» վերցրել 40 հազար դրամ։
Սեպտեմբերի 20-ին նա նույն կերպ այցելել էր Կոմիտասի պողոտայի երկու խանութ։ Դրանցից մեկում պահանջել էր պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց, սակայն աշխատակցի մոտ կասկածներ էին առաջացել փաստաթղթի իսկության վերաբերյալ, և գումար չէր փոխանցվել։
Մյուս խանութում տղամարդը հայտնել էր, թե հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և խաբեությամբ աշխատակցից վերցրել էր 40 հազար դրամ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքերի հեղինակը Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչ է։ Նա խարդախության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտեր կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը