Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից»
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հայաստանում խաթարվել է քաղաքական ուժերի մրցակցության հավասարությունը։
Վարդևանյանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի ընտրությունների դիտարկման զեկույցը, պնդել է, որ ընտրություններին ուղեկցել են վարչական ռեսուրսի չարաշահումներ և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումներ։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ավելի քան 300 անդամներ ձերբակալվել կամ կալանավորվել են, իսկ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախընտրական շրջանում գտնվել է տնային կալանքի տակ։
«Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգներով»,– ԵԽԽՎ-ում հայտարարել է Վարդևանյանը։
Նա նաև պնդել է, որ իշխանության կողմից ընտրական գործընթացում կիրառվել են անհավասար պայմաններ, իսկ իշխող կուսակցության և պետական համակարգի միջև սահմանը խաթարվել է։ Վարդևանյանը քննադատել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը՝ պնդելով, որ ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը ազդել է ընդդիմադիր ուժերից մեկի մանդատների վրա։
Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ի պաշտոնական զեկույցում նշվում է, որ հունիսի 7-ի ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված, տեխնիկապես պատշաճ, խաղաղ և ներառական էին, իսկ ընտրողներն ունեցել են իրական ընտրություն։ Զեկույցում, սակայն, արձանագրվել են նաև խնդիրներ՝ կապված քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության, լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման, վարչական ռեսուրսի օգտագործման, դատական պաշտպանության արդյունավետության և ընդդիմադիր ընտրազանգվածի ներկայացվածության հետ։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը