«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքական
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ ընտրությունների դիտորդական զեկույցին՝ այն համարելով կարևոր ազդակ։
Ամստերդամի խոսքով՝ զեկույցում արձանագրված են մի շարք խնդիրներ՝ պետական ծառայողների նկատմամբ ճնշումների, վարչական ռեսուրսի օգտագործման, քարոզարշավի ֆինանսավորման կարգավորման և ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ։ Նա առանձնացրել է նաև ԿԸՀ-ի կողմից մի շարք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հարցը։
Ամստերդամը նշում է, որ համապատասխան ուժը ընտրությունների վերջնական արդյունքով ստացել է 3.99 տոկոս ձայն և չի հաղթահարել խորհրդարան անցնելու 4 տոկոսի շեմը։ Նրա գնահատմամբ՝ ԵԽԽՎ զեկույցում ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ բարձրացված հարցերը կարևոր են, քանի որ այն ազդեց տվյալ քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա։
Նա հատկապես ընդգծել է ԵԽԽՎ-ի առաջարկությունը՝ վերջ դնելու ընդդիմության նկատմամբ, իր ձևակերպմամբ, «ընտրովի քրեական հետապնդումներին», ինչպես նաև ընտրական վարչարարության անկախության ամրապնդման, վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման և իրավական պաշտպանության արդյունավետության ապահովման վերաբերյալ առաջարկները։
Ամստերդամը զեկույցի համատեքստում անդրադարձել է նաև ԿԸՀ նախագահի նախկին քաղաքական գործունեությանը՝ նշելով, որ Վահագն Հովակիմյանը նախկինում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պատգամավոր։ Նրա գնահատմամբ՝ ընտրական վարչարարության իրական և ընկալվող անկախությունը հանրային վստահության կարևոր պայման է։
Նա նաև նշել է, որ «Amsterdam & Partners»-ը ամիսներ շարունակ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա՝ իր նամակներում և դիմումներում ներկայացնելով ընտրական գործընթացներին, ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներին, հոգևորականների նկատմամբ ճնշումներին և Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին պետական միջամտության վերաբերյալ իր մտահոգությունները։
«Ուստի ԵԽԽՎ այս զեկույցը որոշակի տեղաշարժի նշան եմ համարում»,– գրել է Ամստերդամը՝ հավելելով, որ հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն խնդիրների արձանագրումը, այլև դրանց նկատմամբ հետևողական միջազգային ուշադրությունը։
«Թերևս կարելի է ասել՝ սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»,– եզրափակել է նա։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը