Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»
Իրավունք
Գյումրիում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի 25-ամյա պայմանագրային զինծառայող Մաքսիմ Բ.-ն՝ թմրամիջոց պահելու և ապօրինի շրջանառության կասկածանքով։ Այս մասին, ըստ «Հրապարակ»-ի, հայտնել են իրավապահները։
Հրապարակման համաձայն՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի Կումայրիի բաժնի ծառայողները անձնական խուզարկության ընթացքում զինծառայողի մոտ հայտնաբերել են 1.2 գրամ սպիտակ փոշենման զանգված։ Հայտնաբերված նյութն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության՝ դրա տեսակը և քիմիական կազմը պարզելու համար։
Ըստ «Հրապարակ»-ի՝ զինծառայողի վերաբերյալ նախապես բողոքներ են եղել, և նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է այդ հանգամանքով։ Նա շուրջ մեկ տարի բնակվում է Գյումրիում։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ու փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հրապարակումը նշում է, որ միջադեպը տեղի է ունենում Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ակտիվ քննարկումների ֆոնին։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)