«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը
Գիտություն և Մշակույթ«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ, որովհետև հայ գրականությունը Ռուսաստանի համար․․․ մեր կյանքի, մեր կայացման անբաժանելի մասն է: Մենք տարբեր կերպ ենք բացահայտել Հայաստանը․ ոմանք՝ Անդրեյ Բիտովի հրաշալի արձակի միջոցով, ով գրեց Հայաստանի մասին ռուսերենով լավագույն, ըստ իս, գրքերից մեկը։ Ինձ բախտ է վիճակվել, և ես, այնուամենայնիվ, ապրել եմ այն ժամանակաշրջանում, երբ մենք ունեինք Հրանտ Մաթևոսյանի առաջնակարգ թարգմանությունները։ Անշուշտ, կարծում եմ, որ հայկական կյանքի, հայկական կյանքի խորության նրա ընկալումը շատ բան տվեց ռուս ընթերցողին: Եվ այս իմաստով նրան պատահական չէին անվանում «հայկական Մարկես», թեև Մարկեսին էլ կարելի էր անվանել «կոլումբիական Մաթևոսյան», և կարծում եմ՝ դրանում մեծ չափազանցություն չէր լինի»,- «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն։
https://www.youtube.com/watch?v=mBBnFmbOuJA
Մատենաշարը «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Գրքային դիվանագիտություն» լայնամասշտաբ ծրագրի մի մասն է, որի շրջանակներում զարգանում են նաև այլ ուղղություններ․ Ռուս-հայկական միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի երկլեզու ժողովածու (հրատարակվել է 3 հատոր), Հայ խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների առաջին բազմահատոր և բազմաժանր ժողովածուն (իրականացվում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ համատեղ, լույս է տեսել 2 հատոր):
«Դիալոգ» մատենաշարով արդեն հրատարակվել է 18 գիրք: Դրանք նվիրված են Կովկասյան տարածաշրջանի պատմական և ժամանակակից աշխարհաքաղաքականությանը, ռուս-հայկական համատեղ պատմության շրջաններին, մշակութային և հոգևոր ժառանգությանը:
Միխայիլ Շվիդկոի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի պատմության մեջ կարևոր դեր խաղացին գրականության՝ 1980-ականների, հատկապես ութսունականների երկրորդ կեսի «հայկական ազգային վերածննդի այնպիսի պոռթկումը, ես այն այդպես կանվանեի՝ յուրովի դրամատիկ, յուրովի ողբերգական․ անշուշտ, այս ամենը հսկայական ազդեցություն ունեցավ մեր կյանքի վրա»։ Միխայիլ Շվիդկոն նկատում է՝ հայ գրականությունն այսօր «հաճախակի հյուր չէ ռուսաստանյան գրադարաններում», ուստի «Դիալոգ» մատենաշարի հրատարակությունները կարևոր առաքելություն են ստանում․ «Ամենակարևորն այն է, որ այս գրքերը հասնեն ռուս ընթերցողին, որովհետև Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին․․․ դե, որոշ իմաստով անգամ սրբազան է, ես կասեի, մի շարք պատճառներով, որոնց մասին հիմա չեմ ծավալվի: Բայց վերաբերմունքը հայկական հոգևորականությանը, վերաբերմունքը հայոց այբուբենի և հայոց լեզվի այն հզորությանը, որն օգնեց պահպանել ազգը սփյուռքում, վերաբերմունքը Հայ Եկեղեցուն՝ որպես մի եկեղեցու, որը պահել է հայերին հազարամյա պատմության մեջ․ այս ամենն առանձնահատուկ բնույթ և առանձնահատուկ իմաստ ունի մեզանից յուրաքանչյուրի համար»։
«Մենք այսօր առանձնացրել ենք վերջին գրական հրատարակությունները, որոնք լրացնում են միմյանց և ստեղծում մշակույթների փոխգործակցության ընդհանուր դաշտ, սերունդների հոգևոր և ստեղծագործական կապ: «Հայկական մոտիվներ» երկհատորյակն ընդգրկում է համանուն գրական մրցույթի մասնակից տարբեր երկրների ռուսալեզու հեղինակների ընտիր ստեղծագործությունները: Իսկ մրցույթին մասնակցել է 98 հեղինակ 13 երկրից: Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունների ժողովածուն ձևավորում է ռուս-հայկական գրական երկխոսության յուրօրինակ հանդիպակաց վեկտոր: Մասնավորապես, «Ռուսական խոսք, հայկական արձագանք» գլխում հեղինակը նուրբ պոետական կամուրջ է կառուցում ռուս և հայ հեղինակների միջև, հայկական մշակութային տարածությունը միավորում ռուսական պոեզիայի հետ: Եվ վերջապես, իմ ամենասիրելի թեմաներից մեկը՝ Ռուսաստանի հայկական համայնքը (սփյուռքը)՝ որպես լրացուցիչ կապող օղակ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում: Այս ուղղության վառ օրինակ են Ռուսաստանում մշակույթի և գիտության հայ գործիչները: Նրանցից մեկի գիրքն ենք այսօր ներկայացնում՝ մոսկվաբնակ գրող և նկարչուհի Նինա Գաբրիելյանի «Այս քաղցր բեռը՝ հոգին» ժողովածուն է»,- մանրամասնեց Յուրի Նավոյանը։
Նա հատուկ ընդգծեց Միխայիլ Շվիդկոյի երկար տարիների անգնահատելի ավանդը Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար և մշակութային կապերի ամրապնդման գործում․ «Վերջերս արվեստագիտության դոկտոր Միխայիլ Շվիդկոն հրատարակեց «Մշակութային հեղափոխություն» գիրքը, որն ընդգրկում է վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի կյանքի ամենավառ և կարևոր իրադարձությունները: Այնպես որ, ոչ միայն պետական գործչի և դիվանագետի, այլև որպես հեղինակի և քննադատի կարծիքը չափազանց կարևոր է մեր մատենաշարի և կազմակերպության համար»։ Մշակույթում և գրականության մեջ կենդանի, խորը երկխոսությունը, բանախոսի գնահատմամբ, այլընտրանք չունի։
«Հայկական մոտիվներ» միջազգային գրական մրցույթի առանցքային նպատակն է հայտնաբերել և առաջ մղել հայկական թեմատիկայով գրող տաղանդավոր հեղինակներին ողջ աշխարհից, ինչպես նաև ամրապնդել միջմշակութային երկխոսությունը․ «Մենք ամեն կերպ նպաստում ենք սկսնակ գրողների մասնակցությանը: Դա հզոր մեկնարկ է տալիս երիտասարդ հեղինակներին՝ ձևավորելով ռուսալեզու և հայկական գրականության ապագան: Այն ամուր հիմք է դնում երկրների և ժողովուրդների միջև երկարաժամկետ մշակութային կապերի համար, և այս գործում ռուսաց լեզուն հանդես է գալիս որպես միավորող գործոն: Հեղինակները Հայաստանի հնագույն պատմությունը, ավանդություններն ու ավանդույթներն ինտեգրում են ժամանակակից համատեքստում՝ այս ժառանգությունը փոխանցելով ընթերցողների ապագա սերունդներին»:
ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր խոսքում նկատեց՝ շատերն այսօր ռուսական միջավայրը, ռուսական կյանքը քաղաքականացված են ներկայացնում․ «Սա փորձ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը գեղարվեստով ներկայացնելու, որովհետև դա մեծ գեղարվեստի՝ Գոգոլի, Պուշկինի, Լերմոնտովի, Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի․․․ այդպիսի հզոր անունների գրականություն է և մեր գիտակցության, ճանաչողության մեջ մեծ դեր է խաղացել»։ Հիշեց՝ 1960-70-ական թվականներից սովետական շրջանի հայտնի ռուս գրողներ Վասիլի Գրոսմանը, Օսիպ Մանդելշտամը, Անդրեյ Բելին և այլոք Հայաստանի մասին հրաշալի գրքեր են գրել, որոնք թարգմանվել են հայերեն։ Նույն կերպ էլ հայ գրողներն են անդրադարձել Ռուսաստանին, սակայն, ըստ նրա, ցավոք, շատ քիչ գործեր են թարգմանվել ռուսերեն։
https://www.youtube.com/watch?v=a9xSsYxFWwg&t=10s
Թարգմանչական դպրոցի բացերի ու աշխարհին ներկայանալու անհրաժեշտության մասին էլ ասաց․ «Մեր հայերի մեջ թարգմանիչները ապրում են Ռուսաստանում, բայց թարգմանիչներ հազվադեպ կգտնենք։ Եվ դա միայն Ռուսաստանի պարագայում չէ․ Անգլիայում էլ է այդպես, Ֆրանսիայում էլ, Ամերիկայում էլ․ այսօր հայերենից հայեր չեն թարգմանում։ Այնինչ հենց մենք պիտի կարողանանք մեր գրականությունը ներկայացնել աշխարհին»։ Անդրադառնալով իր նոր հրատարակված գրքին՝ Էդվարդ Միլիտոնյանն ասաց․ «Սա զուտ հայեցողական գիրք չէ, այլ պոետական փոխկանչեր են․ Հովհաննես Թումանյան, Վալերի Բրյուսով, Եղիշե Չարենց, Օսիպ Մանդելշտամ․․․ Իրենք իրականում հանդիպել են իրար, լավ հարաբերություններ են ունեցել։ Օրինակ՝ Գորոդեցկին Թումանյանի տղայի ընկերն էր, Անդրեյ Բելիին վարդերով Մարտիրոս Սարյանն է տարել շրջագայելու, իսկ Օսիպ Մանդելշտամին Սարյանն է դիմավորել կայարանում»։
Ի դեպ, շուտով պատրաստ կլինի «Ծիծեռնակ» ամսագրի հատուկ թողարկումը, որտեղ կհրապարակվեն ռուսաստանցի գրողների գործերը։
«Արարատյան ժամանակը» ժողովածուի հեղինակ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության խորհրդատու Ելենա Շուվաևայի գնահատմամբ՝ այս հրատարակություններով «Դիալոգը» շարունակում է ժամանակին Վալերի Բրյուսովի հիմնադրած բարի ավանդույթը, երբ մեկ դար առաջ, դարձյալ հայերի և հայկական պետականության համար բարդագույն շրջանում, թարգմանվում և աշխարհին էին ներկայացվում հայ ստեղծագործողները։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)