Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել
Հասարակություն
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը՝ գնման իրավունքի պայմանագրերում և փոխանցման ակտերում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Քննարկումը նախաձեռնվել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկով և անցկացվել Արդարադատության նախարարության պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև կառուցապատողներ և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ ասոցիացիան մտահոգություններ է ներկայացրել Արդարադատության նախարարության՝ նոտարներին ուղղված շրջաբերականի վերաբերյալ։ Դրանով նոտարներին հիշեցվել է, որ գնման իրավունքի պայմանագրերում և փոխանցման ակտերում չեն կարող ներառվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով արգելված անարդար պայմաններ։
Մարկոսյանի խոսքով՝ հանձնաժողովը պարբերաբար սպառողներից բողոքներ է ստացել այն դեպքերի վերաբերյալ, երբ նման փաստաթղթերով նրանցից պահանջվել է հրաժարվել մի շարք իրավունքներից, այդ թվում՝ տույժերի ու տուգանքների, վերահաշվարկի, ինչպես նաև գույքի հնարավոր անհամապատասխանությունների վերաբերյալ պահանջներ ներկայացնելու իրավունքներից։
Կառուցապատողները, իրենց հերթին, նշել են, որ իրենց համար հստակ չեն նոր «խաղի կանոնները», իսկ նոտարները հաճախ նույն դրույթները տարբեր կերպ են մեկնաբանում։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը նշել է, որ որևէ նոր սկզբունքային կարգավորում չի սահմանվել։ Նրա խոսքով՝ շրջաբերականով նոտարներին պարզապես հիշեցվել է գործարքները գործող օրենսդրությանը համապատասխան վավերացնելու անհրաժեշտության մասին։
Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել քննարկել օրենքի կիրառման հետ կապված առանձին խնդրահարույց դեպքերը՝ առաջարկելով կառուցապատողներին դրանք հստակ ներկայացնել։ Տիգրան Մարկոսյանն էլ նշել է, որ տնտեսավարողները կարող են անվճար դիմել հանձնաժողովին և ստանալ եզրակացություն կոնկրետ իրավիճակների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը