«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո
Հասարակություն
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել հանրային տրանսպորտում քաղաքացու մատը վնասելու դեպքի վերաբերյալ, որի մասին վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել մամուլում։
Ընկերության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսում։ Քաղաքացու ներկայացմամբ՝ նրա ձեռքը հայտնվել է ավտոբուսի դռան փակիչ-ծխնու հատվածում, որը դռները բացելիս դեպի ներս է ծալվում։
Ընկերությունից նշում են, որ դեպքի պահին երթևեկությունը համեմատաբար ինտենսիվ է եղել, իսկ վարորդը հայելու միջոցով ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր ուղևորներին։ Վարորդը միայն լսել է ուղևորների կողմից դուռը փակելու հորդորը, անմիջապես փակել է այն, իսկ կանգառում կրկին բացել է դուռը։ Այդ պահին, ըստ ընկերության, վարորդը հայելու միջոցով տեսել է իջնող ուղևորին։
«Երևանի ավտոբուսից» ընդգծում են, որ վարորդը և ընկերությունը միջադեպի մասին տեղեկացել են միայն ավելի ուշ՝ քաղաքացու ներկայացրած բողոքից հետո։ Տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացու հետ և մինչ օրս գրեթե ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում են նրա առողջական վիճակով ու անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամություն հայտնում։
Ընկերությունը նաև պարզաբանում է, որ բժշկական կենտրոնը, որտեղ քաղաքացին դիմել է, դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվություն չի փոխանցել, ինչի հետևանքով ապահովագրական պատահարի գրանցման համար անհրաժեշտ ընթացակարգը ժամանակին չի մեկնարկել։
«Երևանի ավտոբուսից» նաև հիշեցնում են, որ բոլոր վարորդներին հրահանգավորված է հանրային տրանսպորտում ցանկացած միջադեպի դեպքում կանգնեցնել տրանսպորտային միջոցը, տեղեկացնել ընկերության համապատասխան ստորաբաժանմանը և անհրաժեշտության դեպքում օգտագործել առաջին բուժօգնության պարագաները, դիմել շտապօգնության ծառայություն ու վերցնել ուղևորի կոնտակտային տվյալները։
Ընկերությունը ցավում է տեղի ունեցածի համար, ուղևորին մաղթում շուտափույթ ապաքինում և կոչ անում դեպքի վերաբերյալ հանրային քննարկումներում առաջնորդվել փաստերով ու չտարածել չճշտված տեղեկություններ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը