Ս. Գևորգ զորավարի տոնն ԱՀԹ-ում կնշվի մեծ շուքով
Այլ
Այս տարի՝ սեպտեմբերի 26-ին, Հայ Առաքելական Եկեղեցին, նշելու է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ կմատուցվի նրա անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում Ս. Գևորգի անունը կրող չորս եկեղեցի կա ՝ Նորագավիթում, Մասիսում, Մարմարաշենում և Կանաչուտում:
ԱՀԹ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցի
Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16.30-ին, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կկատարվի երեկոյան ժամերգություն և կընթերցվի Ս. Գևորգի վկայաբանությունը: Նույն օրը՝ ժամը 21.00-22.30 եկեղեցում կկատարվի Հսկման արարողություն:
Տոնի օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, հավատացյալները Մասիս քաղաքի հրապարակից Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ Խաչվառի, Ս. Գևորգին խորհրդանշող ձիավորի և թմբուկների ուղեկցությամբ կքայլեն դեպի եկեղեցի: Այստեղ տոնական Ս. Պատարագը կմատուցի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:
Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա ցուցահանդես- վաճառք. Մասիսի գեղարվեստի դպրոցի սաները կներկայացնեն Ս. Գևորգին նվիրված իրենց աշխատանքները: Լավագույն ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն, իսկ վաճառքից ստացված գումարը կնվիրաբերվի համայնքի սոցիալապես անապահով զինվորի կամ ազատամարտիկի ընտանիքի: Այս օրը եկեղեցու բակում սիրո ճաշ կմատուցվի եկեղեցու Ջրօրհնեքի խաչի քավոր Գևորգ Աղասյանի բարերարությամբ:
ԱՀԹ Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցի
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10.30-ին, Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցի կբերվի «Ոսկեկող Ավետարանը», որը եկեղեցում կմնա մինչև ժամը 18.00: Հավարտ Ս. Պատարագի կօրհնվի Նորագավիթի խորհրդանիշ հանդիսացող դեղձի բերքը: Եկեղեցու կողմից ներկաներին կբաժանվի Ս. Գևորգի սրբապատկեր-մագնիսներ: Ավանդույթի համաձայն համայնքի անդամները մատաղի հյուրասիրություն կկազմակերպեն: Նորագավիթի մշակույթի տան սաների մասնակցությամբ բակում տոնախմբությամբ կնշվի սրբի տոնը:
ԱՀԹ Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցի
Սեպտեմբերի 26-ին Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցու բակում հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում կկազմակերպվի մատաղի հյուրասիրություն և համերգային ծրագիր. ելույթ կունենա «Մուշ» պարային խմբը: Եկեղեցու երիտասարդաց միության անդամները Ս. Գևորգի մասին պատմող թեթոններ կբաժանեն:
ԱՀԹ Կանաչուտի Ս.Գևորգ եկեղեցի
Կանաչուտի Ս.Գևորգ եկեղեցում կպատարագի եկեղեցու խորհրդակատար Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը: Հավարտ Ս. Պատարագի կլինի մատաղի հյուրասիրություն և միջոցառում Կանաչուտի դպրոցի երեխաների մասնակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել