Ի՞նչ փոխվեց Շիրխանյանի հարցում
Իրավունք
«Նորք-Մարաշի» զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակում փոփոխություններ չեն նկատվում, նա շարունակում է մնալ ծանր վիճակում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Պաշտպանը նշեց՝ Շիրխանյանը չի կարողանում քայլել, ունի նաև անոթային համակարգի լուրջ խնդիրներ. «Այժմ բուժումներ է ստանում՝ դեղերով, արդեն երկու օր է՝ իրականացվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Գուցե թեթևացնեն վիճակը: Մեզ ասում էին վիճակն այնպիսին է, որ ստացիոնար բուժում չի պահանջվում, ինչի հետ մենք համաձայն չէինք ու ճիշտ էինք»:
Հայկ Ալումյանի խոսքով՝ վեց ամսից ավել է՝ բարձրաձայնում են, որ Շիրխանյանն ունի ստացիոնար բուժման կարիք, սակայն իրենց հակառակն էին համոզում, ասելով՝ վիճակն այնպիսին է, որ ստացիոնար բուժում չի պահանջվում: Նա հարց բարձրացրեց՝ այդ դեպքում՝ այս վեց ամիսներին ի՞նչը փոխվեց, որ տարան բուժման. «Ի՞նչը փոխվեց, որ վեց ամիս առաջ չէին տանում ստացիոնար բուժման, հիմա տարան: Դա նշանակում է՝ այն ժամանակ կամ ուներ ստացիոնար բուժման կարիք, բայց չէին տանում, կամ էլ՝ այս ընթացքում վիճակն ավելի վատացավ»,- ասաց փաստաբանն՝ ընգծելով, որ բանից դուրս է գալիս՝ ճիշտ չեն ասում:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին, Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին