Հայաստանում կակտիվանան թուրք գործարարները
Հասարակություն
Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքական հետազոտությունների հիմնադրամը և Սիլիկոնյան հովտում գործող «Էնջելս լաբս» ընկերությունը Երևանում այսօր՝ մայիսի 2-ին առաջին անգամ ներկայացրեցին Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը, որի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև ստեղծել տնտեսական համագործակցություն և ներդրողների ցանց:
Հայաստանում գտնվող՝ Թուրքիայի տնտեսական քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջն ընդգծեց, որ երեք տարիների ընթացքում տարբեր երկրների ձեռներեցների փոխայցելությունների արդյունքում իրենց ընկերության համար պարզ դարձավ մի գաղափար՝ ժամանակն է կենտրոնանալ և մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև ներդողների լայն շփումներ և ստեղծել միասնական ներդրումների ցանց՝ տարբեր գաղափարներ ֆինանսավորելու համար: ««Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ-Գերմանիա ներդրողների օր» խորագրով այս առաջին նախաձեռնությունը հիմք կդնի միասնական հրեշտակ ներդրողների ցանցի ստեղծման և ձեռներեցների աջակցության»,-ասաց Ջանսու Սարաջը:
Նշենք, որ Թուրքիայի տնտեսական քաղաքական հետազոտությունների հիմնդրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում: Ընկերության նպատակն է մշակել շրջակա տարածաշրջանների մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող ռազամավարություն:
Միջոցառման բանախոսներից Մեթ Բարթելզյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղությունը կարող է իրականություն դառնալ միայն ու միայն փաստացի համերաշխության և համագործակցության շնորհիվ:
Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Շարպանտիեն, ով հայերենով ողջունեց ներկաներին և իր ելույթը շարունակեց նույնպես հայերենով: Դեսպանը ողջունեց Թուրքիայից «հրեշտակ» ներդրողների մուտքը Հայաստան՝ շեշտելով, որ հայ-թուրքական համագործակցության այս ֆորմատը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև. «Հայ-թուրքական երկխոսության համար կարևոր է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը, ինչն էլ կբերի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունում է այս պատմական նախաձեռնությունը:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը