Կոնդը լավ ընտրված չէ. Զվարճանքի կենտրոններ կառուցելով զբոսաշրջություն չես զարգացնի
Հասարակություն
Երևանի Կոնդ թաղամասը զբոսաշրջային կենտրոն կդառնա: Այս մասին հայտարարել է «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը:
Ծրագրի խնդիրն է վերականգնել պատմական շրջանը ժամանակակից ոճով, որպեսզի բացի գեղագիտական հաճույքից, այն նաև օգտակար լինի. «Թաղամասում կհայտնվեն բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ, գեղարվեստական սրահներ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ներդրումների միջոցով: Դրա հետ կապված' Օհանյանը նշել է, որ հանդիպել է ռուս եւ շվեյցարացի գործընկերների հետ, սակայն արդյունք դեռ չկա:
Նշենք՝ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը, քննարկվել էր նաև Կոնդ թաղամասի կառուցպատման ծրագրերին առնչվող հարցեր:
Կոնդ թաղամասն արդյոք պոտենցիալ ունի՞՝ հին թաղամաս դառնալու, որո՞նք են այս ծրագրի դրական և բացասական կողմերը: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց զբոսաշրջության ոլորտի մասնագետ Վահե Լոռենցի հետ:
«Տեղն այնքան էլ հարմար չէ ընտրված, ինչպես նաև՝ չգտա որևէ նախագիծ, որ իսկապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Զվարճանքի կենտրոններ կառուցելով զբոսաշրջություն չես զարգացնի»,- նշեց նա:
Լոռենցի կարծիքով՝ ավելի նպատակահարմար կլիներ քաղաքից դուրս, բայց նրա մատույցներում կառուցել զբոսաշրջության և առհասարակ, մշակութային կենտրոն, ուր ներկայացված կլինեն նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը. «Ահավասիկ, պատկերացրեք մի վայր, ուր ամբողջովին ներկայացված են հայոց հին հեթանոսական մշակույթը տաճարի տեսքով, ասորիների, քրդերի, եզդիների, մյուս փոքրամասնությունների ծեսերը, տաճարները, սոցիալական մշակույթը, ուր կլինեն արհեստագործական կենտրոններ, ուր ցուցադրական միջոցառումներ կանցկացվեն ասենք՝ դարբնությունից, կավագործությունից և այլն»:
Պատմաբանն առաջարկեց օգտագործել Դաշտադեմի ամրոցը, ուր կարելի է արենա պատրաստել. «Այնտեղ կարելի է ներկայացնել հայոց միջնադարյան բանակը. զենք ու զրահից մինչ ասպետական մենամարտեր. ի դեպ՝ տարածաշրջանում չկա նման բան»:
Թե ինչու՞ չստեղծել պանդոկ-հյուրանոց՝ միջնադարյան չափորփշիչներով, միջնադարյան բանտի նմանվող հյուրանոց և այլն, պատմաբանը նշեց, քանի որ Հայաստանում զբոսաշրջային պոտենցյալը մեծ լինելով հանդերձ հիմնականում միապաղաղ է, հիմնականում եկեղեցիներ ենք ցուցադրում, պետք է զանազանություն մտցնել:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը