Հանրաճանաչ տիեզերագնաց Ավդիևը Երևանում՝ միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացմանը
Գիտություն և Մշակույթ
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը:
Ինչպես տեղեկացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն պտուղները կտա հետագայում, երբ մասնակից պատանիները շարունակեն համագործակցությունը, համատեղ գործունեությամբ և ինժեներական նոր լուծումներով նոր խոսք ասեն տիեզերական գիտության ասպարեզում:
Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացման հանդիսությանը մասնակցել է նաև հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդիևը: Նա ևս ողջունել է ներկաներին և արգասաբեր գործունեություն մաղթել ամառային դպրոցի աշխատանքներին: Ամառային դպրոցի 12 օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների, Չեխիայի 12-18 տարեկան 38 դպրոցականների համար կանցկացվեն պրակտիկ դասընթացներ ու դասախոսություններ: Նրանք կայցելեն Բյուրականի աստղադիտարան, որտեղ գործնական պարապմունքների ընթացքում կդիտեն աստղազարդ երկինքը: Միջազգային ամառային տիեզերական դպրոցի մասնակիցները կծանոթանան նաև մեր պատմությանն ու մշակույթին, կհամատեղեն ուսումն ու հանգիստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)