Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի ուղղությամբ արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ՔԿ
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու եւ գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Կրակված արկի պայթյունի հետեւանքով վնասվել է նշված առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը եւ նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: