ՄԻՊ-ը Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։
«Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։
Բացի այդ, ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ ենք նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել էր Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: