ԲԴԽ-ն կասեցրեց 2 դատավորների լիազորությունները
ԻրավունքԵրեկ տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը: Տեղեկացրել էինք նաև, որ դատավոր Աննա Մաթևոսյանը քննում է նույն դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Արա Կուբանյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի հիմքերը առկա չէին, և դրա հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սնանկության դատարանի դատավորի կալանավորումը:
Քիչ առաջ ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ կասեցվել են Գևորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի լիազորությունները՝ մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Կրոմվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա սահմանված է օրենքով. «Երբ ԲԴԽ-ն համաձայնություն է տալիս, ուրեմն լիազորությունները պետք է կասեցվեն»:
Հիշեցնենք, որ Կուբանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Վերջինս առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։
Արփինե Հակոբյան