ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։
«Կալանավորման որոշումը մի բառով կնկարագրեմ` ապօրինի է, և պատահական չէր հենց Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի հերթապահության օրը միջնորդություն ներկայացնելն ու միջնորդության քննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։ Ամբողջոությամն ապօրինի է թե գործը, թե մեղադրանքը եւ այս կալանք կիրառելը, ապօրինությունների շղթա է, որեւէ հիմք չկար կալանավորման»,- ասել է փաստաբանը` հավելելով, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։
Պաշտպանը հիշեցրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը: