ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ԻրավունքՍահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ, իրավաբաններ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը, Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Ղուկասյանը և Մուրադյանը վիճարկել են պաշտոնից ազատելու մասին 22.10.2020 թվականի կարգադրությունները, իսկ Պողոսյանը՝ 26.10.2020-ի կարգադրությունը։
Նրանք երեքն էլ պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պարտավորեցում։
Ղուկասյանի հայցի քննությունը մակագրված է դատավոր Անի Հարությունյանին, առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Մուրադյանի հայցի քննությունը՝ Մհեր Պետրոսյանին, առաջին նիստը նույնպես ապրիլի 8-ին է։ Պողոսյանի հայցի քննությունը մակագրված է Ռուզաննա Ազրոյանին, իսկ առաջին նիստը նշանակված է ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ Արման Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից։