«Տիրան Խաչատրյանը կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից»
Իրավունք«TK & Partners» իրավաբանական ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:
Ընկերությունից հայտնում են, թե իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել են, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին:
«Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի», - ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Փետրվարի 24-ին Տիրան Խաչատրյանն ազատվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։