Դուք դատարանը դրել եք ծիծաղելի սուբյեկտի տեղ. փաստաբան
ԻրավունքԵրբ դատարանը մեզ առաջարկում է մեր կողմից ենթադրյալ խախտումների մասով բացատրություն տալ, ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե դատարանը ինքը իր կողմից բացառեր դատարանում, գոնե կարգի խախտումը։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա նկատեց, որ դատարանը դահլիճ մտնելուց հետո, պետք է հայտարարի, թե որ գործն է քննվում այսօր։
«Դուք չեք հայտարարում, թե որ գործն է քննվում։ Դուք պետք է նշեք, թե քրեական գործի ո՞ր հոդվածներով է մեղադրանք առաջադրված ՝ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին եւ Արմեն Գեւորգյանին։ Դուք չեք կարող ասել, որ այստեղ ինչ-որ մեկը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, քանի որ ձեր վրա կսկսեն ծիծաղել։ Դուք դատարանը դրել եք ծիծաղելի սուբյեկտի տեղ։ Ես պահանջում եմ, որ դուք հայտարարեք, թե որ հոդվածներով է առաջադրված մեղադրանքը», - շեշտեց Ալումյանը։