Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
ԻրավունքՊաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր՝ ապրիլի 9–ին, Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանի փաստաբանը՝ Կարեն Սարդարյանը։
Ըստ փաստաբանի՝ հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը՝ հանձին գործը քննող քննիչի, անտեսելով Սահմանադրական դատարանի 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն։