«Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել». Արթուր Վանեցյանը հրավիրվել է հարցաքննության
Իրավունք«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն՝ պատերազմի օրերին Շուշիի դիրքերը լքելու մասով: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը հրավիրվել է՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու, իբրև թե, դասալքության համար։
«Նշված դեպքի առկայությունը հերքվել է։ Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել անձանց կողմից, որոնք տեղյակ են եղել՝ այդպիսի դեպք եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե իրավական գործընթաց սկսվի, ապա քրեական գործի հարուցումը պետք է մերժվի»,- նշեց Լուսինե Սահակյանը։
Ըստ փաստաբանի՝ Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող գործողություններից ակնհայտ է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է։
Սոնա Հարությունյան