Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց:
Միջնորդությունը ներկայացրեց Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նա խնդրեց նիստը հետաձգել՝ հաշվի առնելով առողջական վիճակի պատճառով իր պաշտպանյալի բացակայությունը: Փաստաբանը հայտնեց, որ միջնորդությունը ուղարկել է նաեւ դատախազություն: Ալեքսանյանը խնդրեց հաջորդ հանդիպումը նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ՝ կապված այն բանի հետ, որ Գեւորգյանը ամբուլատոր բուժում է անցնում: Փաստաբանը նաեւ համապատասխան բժշկական տեղեկանքներ ներկայացրեց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ օրենսդրությունը մասնակիցների համար հավասար իրավունքներ է ենթադրում: Այս կապակցությամբ փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել նույնիսկ ավելի ուշ ժամկետով` առնվազն հունիսի 19-ին, որպեսզի գործընթացը չխանգարի նախընտրական արշավին մասնակցությանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկություններ չուներ Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ, սակայն նա բազմաթիվ առարկություններ ուներ Արամ Վարդեւանյանի միջնորդության դեմ: Դատախազի կարծիքով՝ այն հիմնավորված չէ։
Վարդեւանյանը հիշեցրեց, որ եղել է դեպք, երբ դատարանը բաց է թողել 10 նիստ, եւ դատախազությանը դա չի անհանգստացրել: «Ես ձեզ խնդրում եմ երեք նիստ տեղափոխել»,- ասաց փաստաբանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ ինքը մասնակցելու է դատավորների վերապատրաստման դասընթացների, ուստի նիստը հետաձգվում է: Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ Արամ Վարդեւանյանը չի ներկայացրել միջնորդության հիմնավորված ապացույցներ: Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 25-ին, ժամը 13:00-ին: