Քաղավիացիայի կոմիտեի նախագահը քննարկել է ոլորտում մասնագետների անբավարար քանակի հարցերը
ՀայաստանԱյսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կամո Մարտիրոսյանը, ԿԳՄՍ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը: Տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիոն ոլորտում մասնագետների խիստ անբավարար քանակի և դրանց համալրման ուղիների վերաբերյալ հարցերը: Շեշտադրվել է ինչպես ավիացիոն ինժեներների, այնպես էլ այլ կարևոր ուղղություններում մասնագետների համալրման անհրաժեշտությունը՝ ոլորտում մասնագիտական սերնդափոխություն իրականացնելու նպատակով:
Քննարկման ժամանակ ընդգծվել է հարցի հրատապությունն ու կարևորությունը, և ԲՈՒՀ-երի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ապագայում բարձր մասնագիտական որակավորում ունեցող ավիացիոն մասնագետներ պատրաստելու համար։