ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների
ՀասարակությունՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծռայությունից:
Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն բաղադրիչը։ Ուստի, ԿԸՀ-ն ակնկալում է ընտրական տարբեր գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունների բովանդակային ներդրումը:
Առաջիկա քննարկումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար առանձնացրել են մի շարք թեմաներ և առաջարկում են բոլոր հետաքրքրված կազմակերպություններին մինչև հունիսի 1-ը ներառյալ գրանցվել: Նախընտրած թեմաներից ելնելով` կձևավորվեն խմբեր, և ԿԸՀ-ն քննարկումների կհրավիրի կազմակերպությունների ներկայացուցիչներին: