Նախագահը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ակտիվ գործունեության համար ինչպես նաեւ՝ ի դեմս դեսպանի Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին՝ առկա իրողությունների համապատկերում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ շարունակական զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության եւ վերջինիս կարեւոր դերակատարության շուրջ:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետեւողական քայլերի անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռ բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները: