Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ քանակապես ու որակապես բարելավվել է բնակավայրի տնտեսությունների ջրամատակարարումը։
Տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 46 մլն 400 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ապամոնտաժվել է խմելու ջրագծի արտաքին ցանցի հին գիծը՝ 3893 մ ընդհանուր երկարությամբ և փոխարենը կառուցվել նոր ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել հոկտեմբերին։ Այժմ Նորակերտի տնտեսությունները ստանում են որակյալ ու շուրջօրյա ջրամատակարարում։