ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը
ՔաղաքականԹիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին մանդատների տրամադրման կարգին, նրանց գործունեությանը:
Ալեքսեյ Սանդիկովը մանրամասնել է Հայաստանում ռուսական համայնքի առօրյան, խոսել հասարակության մեջ նրանց ներգրավվածության մասին:
Պատգամավորը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ ԱՊՀ միջխորհրդարանական, ԵԱՏՄ տնտեսական եւ ՀԱՊԿ անվտանգային հարցերում փոխգործակցությանը: Նա նշել է, որ Հայաստանն իր արտադրանքի մեծ մասն արտահանում է ԵԱՏՄ երկրներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է միջազգային այն խորհրդարանական հարթակները, որտեղ հաճախ է խոսվում մեր երկրի խնդիրների մասին:
Հանդիպումը կայացել է մարտի 29-ին: Մայր բուհի ուսանողները մասնագիտական փորձաշրջան են անցնում Ազգային ժողովում: