Ռիչարդ Միլս․ «Կոռուպցիան խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը». «Ազատություն»
Քաղաքական
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, շնորհակալություն մեր երևանյան բյուրո այցելելու համար: Ես կցանկանայի նախ հարցնել, թե ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը:
Միլս․ – Ուրախությամբ պիտի նշեմ, որ հարաբերությունները շատ լավ են և ամուր: Մենք գործընկերային հարաբերություններ ունենք բազմաթիվ ասպարեզներում՝ դիվանագիտական, ռազմական, մշակութային: Կարծում եմ, անցած ամիս մեր միջև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը այդ գործակցության և այդ հարաբերությունների ամրության ցուցիչն է: Պետքարտուղարի տեղակալ Նյուլանդի փետրվարյան այցը՝ շատ բարձր մակարդակի այցը, Հայաստանի ժողովրդի և իշխանությունների հետ մեր հարաբերությունների խորության ևս մեկ դրսևորում էր:
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, մենք գիտենք, որ Դուք Հայաստանի իշխանություններին աջակցում եք բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ է ԱՄՆ-ը հետաքրքրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով: Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում Ձեր առաքելության մաս է կազմում աջակցությունը ժողովրդավարության կառուցմանը, բարեփոխումներին: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված դրանում:
Միլս․ – Կոռուպցիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, որովհետև կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին: Գիտեք, Հրայր, Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Եվ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացումը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ՝ այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հստակ է մի բան՝ կոռուպցիան խնդիր է, որի դեմ ստիպված են պայքարել աշխարհի բոլոր երկրները: Մենք ստիպված ենք պայքարել դրա դեմ Միացյալ Նահանգներում, մեզ մոտ կան կոռուպցիայի դեպքեր: Եվ հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքները և կամքը, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: Եվ այստեղ մեր նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին՝ ունենալու պահանջվող գործիքները, օգնել քաղաքացիական հասարակությանը, հայ ժողովրդին՝ ոտքի կանգնելու և ուշադրության կենտրոնում պահելու կոռուպցիայի խնդիրը, օգնել պայքարելու դրա դեմ:
«Ազատություն»․ – Անցյալում դուք այդ պայքարը ծավալում էիք հատուկ ծրագրերի միջոցով, օրինակ՝ «Հազարամյակի մարտահրավերի»: Բայց այժմ կարծես կենտրոնացել եք այս կոնկրետ մեկ՝ մեծ խնդրի վրա, որը շատ կարևորում եք: Ճիշտ չե՞մ:
Միլս․ – Այո, դա իսկապես մեզ համար շատ կարևոր խնդիր է: Ինչպես արդեն ասացի, կոռուպցիան խոչընդոտում մեր բոլոր ընդհանուր նպատակների իրականացումը: Բայց պետք է հավելեմ, որ հայկական կենսակերպում և հայաստանյան կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքների ապահովումը ներդրված է մեր բոլոր ծրագրերում, դա մեր ցանկացած նախաձեռնության բաղկացուցիչն է: Մենք փորձում ենք մեր բոլոր ծրագրերը հնարավորինս բաց իրականացնել, ուզում ենք օգնել Հայաստանի իշխանություններին՝ լինելու հարկ եղածի պես բաց և թափանցիկ: Այնպես որ շատ առումներով սա մեր ամբողջ գործունեության մասն է:
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, Դուք այս հարցերը քննարկո՞ւմ եք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ:
Միլս․ – Անշուշտ: Ավելին՝ երեկ երեկոյան ես մի միջոցառում էի կազմակերպել, որը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել կոռուպցիայի խնդրի վրա: Ես ցանկանում էի նաև բարձրաձայնելլ, թե ովքեր են մեր հայաստանյան գործընկերները ինչպես կառավարությունում, այնպես էլ, և առավել ևս՝ քաղաքացիական հասարակության մեջ: Եվ ես նրանց հրավիրել էի իմ տուն: Մենք հանդիպեցինք, քննարկեցինք, և ես շատ բան իմացա նրանց գործունեության մասին, այն մասին, թե որ քայլերն են հաջողվում, որոնք են երբեմն տապալվում: Եվ ես նաև նրանց հնարավորություն ընձեռեցի հանդիպելու հայաստանյան պաշտոնյաների հետ, այն մարդկանց հետ, ում ձեռքում իրական լծակներ կան այս հարցում: Թույլ տվեք նկատել, որ այստեղ համագործակցելու կարիք կա: Քաղաքացիական հասարակությունը պետք է իր դերը ստանձնի և համագործակցի իշխանությունների հետ, որպեսզի հարցին լուծում տրվի:
Մենք մի ծրագիր ունենք, որը ֆինանսավորում ենք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, և որը նպատակ ունի աջակցել այն քաղաքացիական խմբերին, որոնք զբաղվում են կոռուպցիայի խնդրով և ցանկանում են զարգացնել հաշվետվողականությունը, թափանցիկությունը Հայաստանում: Մենք աջակցում ենք այդ կազմակերպություններին, որպեսզի հնարավորություն ստեղծենք նրանց համար ավելի շատ մարդկանց ընդգրկել իրենց աշխատանքում:
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որոշակի տեսակետներ են արտահայտում վարչապետի ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ, որը հենց ինքն էլ գլխավորում է: Այդ խորհրդի կազմում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, օրինակ՝ ֆինանսների նախարարը: Քաղաքացիական հասարակության որոշ երևելի ներկայացուցիչներ կարծիք են հայտնում, որ Հայաստանում կոռուպցիայի աղբյուրը հենց այս պաշտոնյաներն են, կամ առնվազն նրանք կոռուպցիայի ռիսկի տակ են: Ինչպե՞ս կարելի է համոզել քաղաքացիական հասարակությանը և առհասարակ հանրությանը, որ այդ խորհուրդը իրականում կարող է հաջողության հասնել:
Միլս․ – Թույլ տվեք անկեղծ լինել: Հայ ժողովրդին ինչ-որ բան համոզելու պարտականությունը Հայաստանի իշխանություններինն է, նրա՛նք պետք է կարողանան ապացուցել, որ հակակոռուպցիոն խորհուրդը իրական և արդյունավետ գործիք է: Այստեղ մենք մեր դերը չենք տեսնում: Բայց պարբերաբար հանդիպում է նաև մի թյուր տեսակետ, թե իբր մենք ենք ֆինանսավորում հակակոռուպցիոն խորհուրդը: Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մենք որոշ նպատակաուղղված աջակցություն ենք հատկացնում հակակոռուպցիոն խորհրդի գործունեության որոշակի կոնկրետ բաղադրիչների համար: Օրինակ, մենք տեխնիկական փորձագիտական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի օգնենք նրանց ձևավորելու աշխատանքային հայեցակարգ, որով կնախատեսվեն կոնկրետ քայլեր պետության կողմից մատուցվող ծառայություններում, իրավական ծառայություններում, ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մենք նաև ֆինանսավորում ենք կոնկրետ ծրագրեր, որոնք հակակոռուպցիոն խորհրդին հնարավորություն կտան իրազեկել հասարակությանը և հետազոտել հասարակական կարծիքը՝ լսել մարդկանց տեսակետները կոռուպցիայի վերաբերյալ: Մենք այդիպիսի երկու շատ կոնկրետ ծրագրեր ենք իրականացնում: Ուզում եմ ասել՝ մենք հակակոռուպցիոն խորհրդի անդամներին ինչ-որ գումարներ չենք տալիս: Եվ, իհարկե, ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ որոշակի վերապահումներով մոտենում այս խորհրդին, կամ առհասարակ՝ կառավարության ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին: Սակայն պետք է ասեմ, որ ԱՄՆ կառավարությունը, դեսպանատունը, դիտարկում են այս խորհուրդը որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, որպես հարցը լուծելու հանձնառություն, որը Հայաստանի իշխանությունները ստանձնել են հրապարակայնորեն:
Ես պատրաստ եմ աշխատելու Հայաստանի կառավարության ցանկացած ինստիտուտի հետ, որը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ: Այնպես որ, մենք աշխատելու ենք այս խորհրդի հետ, սակայն, ինչպես արդեն ասացի, մենք ակնկալում ենք գործողություններ, միայն խոսքերը բավարար չեն: Մենք մշտապես գնահատելու ենք խորհրդի հետ մեր համագործակցությունը, և եթե ժամանակի ընթացքում չտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի այն նվիրվածությունը և այն գործողությունները, որոնց մասին խոսում են վարչապետն ու խորհրդի մյուս անդամները, մենք կվերանայենք մեր հարաբերությունները խորհրդի հետ:
«Ազատություն»․ – Այս խորհրդի գործունեությունը կարո՞ղ է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Օրինակ՝ եթե նրանք հաջողության չհասնեն, խորհուրդը չծառայի նպատակին կամ տապալվի, ինչպիսի՞ն կլինեն հետևանքները:
Միլս․ – Ես չեմ ուզում ենթադրել, որ նրանք կտապալվեն, քանի որ չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Սակայն, կարծում եմ, որ եթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Մենք վերջերս մեծ հաջողություն արձանագրեցինք, խոսքը Որոտանի կասկադի վաճառքի մասին է ամերիկյան մի ընկերության:
«Ազատություն»․ – Այո, դա շատ խոշոր ներդրում էր, այնպես չէ՞:
Միլս․ – Այո, դա ամերիկյան խոշորագույն ներդրումն էր այստեղ: Եվ կարծում եմ, որ դա ճանապարհ է հարթում հետագա ներդրումների համար: Սա ապացուցում է իմ խոսքերը, որ մենք կարող ենք հրապուրել ներդրողներին: Երբ ամերիկյան ընկերությունը վստահ է, որ ստեղծված են արդար մրցակցության պայմաններ, որ իր նկատմամբ վերաբերմունքը կլինի նույնը, ինչ մյուսների, այդ ներդրումները կլինեն: Ահա թե ինչու ես կուզենայի, որ հակակոռուպցիոն խորհուրդը հաջողության հասներ:
«Ազատություն»․ – Իսկ հայաստանյան պաշտոնյաները իսկապե՞ս հետաքրքրված են ամերիկյան ներդրումներով, նրանք իսկապե՞ս ուզում են, որ ամերիկյան ընկերությունները գան Հայաստան:
Միլս․ – Այո, ես անկեղծորեն հավատում եմ, որ դա այդպես է: Ես տեսնում եմ իրական հետաքրքրություն ամերիկյան ներդրումները, հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունները խրախուսելու ուղղությամբ: Կարծում եմ, այստեղ հասկանում են, որ ամերիկյան ներդրողները «լավ քաղաքացիներ են», նրանք բերում են գործունեության, մենեջմենթի միջազգային փորձը, նրանք նվիրված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, և դա այստեղ գնահատում են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել