Ոստիկանության բաժինների աշխատակիցներին 78 000-ական դրամ հավելավճարներ են բաժանվել
Հասարակություն
Դեռևս մարտի սկզբին գրել էինք, որ զորքերի և պարեկապահակային ծառայության աշխատակիցների նյարդերը տեղի էին տվել վերջին շրջանում տեղի ունեցող հավաքներին մասնակցելու պատճառով և որոշել էին հեռանալ համակարգից։ Սակայն փոխոստիկանապետը հավաքել էր վերջիններիս և աշխատավարձեր ու հավելավճարներ բաժանել՝ փորձելով շահել նրանց սիրտը։ Սա էլ դժգոհություն էր առաջացրել բաժինների աշխատակիցների մոտ և նույն օրն առավոտյան էլ նրանք էին բողոքի ալիք բարձրացրել, թե ամբողջ օրը կառավարություն-Բաղրամյան գիծն են բռնում, բայց խրախուսանքի չեն արժանանում։
Պարզվում է՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հրապարակումից հետո ոստիկանության բաժինների աշխատակիցներին ևս հավելավճարներ են բաժանվել։ Մեր տեղեկություններով՝ սկզբում որոշել են միայն հավաքներին մասնակցող աշխատակիցներին պարգևատրել մեկ աշխատավարձի չափով, սակայն հետո որոշում է կայացվել անխտիր բոլորին գումարներ տալ, որից հետո գումարի չափը կրճատվել է՝ հասնելով 78 000 դրամի։
Ի դեպ, այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այս հարցին նշեց․ «Ճիշտ ենք արել, որ ոստիկաններին պարգևավճար ենք տվել, հլը ավելի շատ պետք է տանք»,- ընդգծեց նա՝ կարևորելով ոստիկանների դերը հավաքների ժամանակ կարգուկանոն ապահովելու գործում։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ոստիկանությունից, սակայն այստեղից փոխանցեցին հարցում ուղարկել, որի պատասխանը կստացվի սահմանված ժամկետում։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է