Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է. Արման Թաթոյան
ԻրավունքՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Երախտագիտությունս եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար:
Մի քանի օր առաջ Հայաստանում Գելլափ (Gallup) Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի (MPG) ընկերությունը հրապարակեց հարցման արդյունքներ, համաձայն որի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով:
Ընկերության նախորդ մի քանի հարցումների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր վարկանիշը ամիսների ընթացքում աճել է` պահպանելով բարձր դիրք:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute- IRI) հարցումները նույնպես մեր աշխատանքի կարևոր արդյունք են ցույց տալիս. 2021 թվականի փետրվարի հարցման տվյալներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է` Հայոց բանակից հետո:
Իսկ դեռ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահել է հարցված մարդկանց 63 տոկոսը:
Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինչպես անձամբ ինձ, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմի համար:
Այն մեզ առավել է պարտավորեցնում լինել ուշադիր սեփական խոսքի արժեքի նկատմամբ ու հետևողական` գործի նկատմամբ:
Շնորհակալություն նշածս ընկերություններին` Մարդու իրավունքների պաշտպանին հարցումներում ընդգրկելու համար»: