Արսեն Թորոսյանի նախկին տեղակալը կաշառքի գործով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
ՀասարակությունԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել կաշառքի գործով ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և Ռազմիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը։ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման առանց գույքի բռնագանձման։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել ենք՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Իսկ մանկաբարձ գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։