5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով
ԻրավունքՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են կաշառքի տեսքով տարբեր չափի գումարներ: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
«Հիշյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվել են համատեղ բազմածավալ օպերատիվ և քննչական գործողություներ, այդ թվում` խուզարկություններ են կատարվել 12 բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: