Բուժակը փորձել է դատապարտյալին բժշկական սպիրտ փոխանցել
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա.Խ.-ն փորձելու է դատապարտյալ Հ.Գ.-ին փոխանցել բժշկական պարագաներ, որոնք իրեն տվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակ Ա.Մ.-ն:
Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, օպերատիվ բաժնի ծառայողները զննության են ենթարկել Ա.Խ.-ի մոտ գտնվող բժշկական պարագաները: Զննության արդյունքում դրանց միջից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որում առկա է եղել ալկոհոլին բնորոշ սուր հոտով, թափանցիկ հեղուկ:
Բուժակ Ա.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ հեղուկը հանդիսանում է արգելված իր համարվող բժշկական սպիրտ, այն դատապարտյալ Հ.Գ.-ին ուղարկել է առաջին անգամ և առանց որևէ շահագրգռվածության, պատճառը վերջինիս պարբերաբար իրենից սպիրտ խնդրելն է եղել, չգիտակցելով և դատապարտյալի՝ հոգնեցուցիչ խնդրանքից ազատվելու նպատակով, ընդառաջել է: Իսկ բժշկական պարագաները փոխանցած դատապարտյալ Ա.Խ.-ն տեղյակ չի եղել այդ ամենից:
Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: