Ովքեր են նոր փաստաբանները․ նրանք հակադարձում են Ռուբեն Մելիքյանին
ՀասարակությունԱշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի զոհված զինծառայողի մոր նոր փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք են՝ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանն ու Վարդուհի Էլբակյանը։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հիշեցնենք, օրերս հայտնել էր, որ 3 պաշտպանները` ինքը, Վահան Հովհաննիսյանն ու Վահան Գևորգյանը այլևս չեն իրականացնում կալանավորված Գայանե Հակոբյանի` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր պաշտպանությունը, ով մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ: Գրում է Հրապարակ օրաթերթը։
Ռուբեն Մելիքյանը չի մանրամասնել, թե որն էր պատճառը, նա միայն գրել էր. «Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին՝ հակադարձեց Ռուբեն Մելիքյանին՝ պնդելով, որ իրենք գտնում են՝ իրավական գործիքակազմը սպառված չէ։
«Նախորդ փաստաբանների հայտարարության վերաբերյալ կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը արվել է այնքանով, որքանով որ հասանելի է եղել բոլորին։ Պաշտպանության տակտիկան այնպիսին է, որ մենք հիմա այստեղ ենք ու տալիս ենք մամուլի ասուլիս։ Այո, մենք գտնում ենք, որ այս պահի դրությամբ ավարտված չէ իրավական գործընթացը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։