Կարմրաշենի 13-րդ դարի խաչքարի կրկնօրինակը կտեղադրվի Գերմանիայի Նաումբուրգ քաղաքի սբ․Պողոս-Պետրոս տաճարի բակում
ՀասարակությունԳերմանիայի Նաումբուրգ քաղաքի սբ․Պողոս-Պետրոս տաճարի բակում կտեղադրվի Վայոց ձորի մարզի Կարմրաշեն բնակավայրի տարածքում գտնվող Որմնափակ կոթողից պահպանված 13-րդ․ թվագրվող սբ․Պողոս-Պետրոսի պատկերները կրող խաչքարի կրկնօրինակը: Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում:
Նշվում է, որ այն հայկական խաչքարագործության հարուստ արվեստի նմուշ է:
2022 թվականի հուլիսի 14-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի (խորհրդարանի) նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման շրջանակում նախատեսվում է Վայոց ձորի մարզի Կարմրաշեն բնակավայրի տարածքում գտնվող Որմնափակ կոթողից պահպանված 13-րդ դարով թվագրվող սբ․Պողոս-Պետրոսի պատկերները կրող խաչքարի կրկնօրինակի նվիրաբերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նաումբուրգ քաղաքի սբ․Պողոս-Պետրոս տաճարին։
Կրկնօրինակի պատրաստման և տեղափոխության համար անհրաժեշտ ծախսերը ըստ նախնական գնահատականի կազմում է 19.200,0 հազար դրամ՝ ներառյալ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից վճարվող ԱԱՀ: