2024-ի բյուջեով ՊՆ–ին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը այս տարվա համեմատ 7,3 տոկոսով ավելի է
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Ահս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։
«Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների հաշվին, նախատեսվում է իրականցնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ երկարության հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107 կմ միջին նորոգման, 4 074 կմ ամառային և 4 841 կմ ձմեռային պահպանման, ինչպես նաև` 3 թունելների, 5 կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ` 75.6 մլրդ դրամի չափով»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի զարգացման համար կիրականացվեն Քաջարան–Ագարակ 32 կմ հատվածի, Աշտարակ–Թալին 8 կմ և 34 կմ հատվածների կառուցման աշխատանքներ։
Նախատեսվում է նաև սկսել Սիսիան–Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի, Քաջարանի թունելի և մոտեցումների, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ` հատկացնելով 39 մլրդ դրամ։