«Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
ՀասարակությունԱրգելված իրերի և թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, իրականացրել են նախատեսված խուզարկություն բնակելի տեղամասի մասնաշենքերից մեկում։
Արդյունքում՝ կացարաններից մեկում գտնվող սառնարանից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված և լավաշի մեջ թաքցրած մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թաշկինակով փաթաթված 1 ականջակալ, 1 լիցքավորիչ և 1 USB լար։
Ինչպես հաղորդում են ՀՀ արդարատատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դատապարտյալ Կ․ Չ․-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ արգելված իրերը պատկանում են իրեն։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նույն օրը, ավելի ուշ՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել տեխնիկատնտեսական մասնաշենքի կացարանում և դատապարտյալ Ա․ Ս․-ի անկողնու տակի հատվածից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա է եղել 0․56 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգված։ Դատապարտյալը բանավոր հայտարարել է, որ փաթեթն իրեն չի պատկանում։
Հայտնաբերվածն ուղարկվել է Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: