ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Թումոյի «42 Երևան» դպրոցը պարզեցրել է ընդունելությունը
Հասարակություն«42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցը հատուկ տեղեր է առանձնացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար` պարզեցնելով ընդունելության կարգը:
ԼՂ-ից բռնի տեղահանված դիմորդները հնարավորություն կստանան շրջանցել ընդունելության առաջին 2 փուլերը` անմիջապես միանալով նոյեմբերի 13-ին մեկնարկող «Ավազան» փուլին: Դիմելու համար ծրագրավորման ոլորտում որևէ փորձ կամ գիտելիքներ անհրաժեշտ չեն:
«Դիմել կարող են նվազագույնը 18 տարեկան ծրագրավորման ոլորտով հետաքրքրված անձինք։ Հարկավոր է մինչև հոկտեմբերի 12-ը գրանցվել https://42yerevan.am/ կայքում և ուղարկել նամակ [email protected] հասցեին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից եք և ներառել այն էլ. հասցեն, որով գրանցվել եք կայքում»,- նշված է կենտրոնի կայքում:
42 Երևանը կրթական նախագիծ է, որի նպատակն է կրթել ոլորտի լավագույն մասնագետներին: Կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Ամստերդամը և 49 այլ քաղաք ամբողջ աշխարհում: Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։