Գ․Ավետիսյանի կողմից բռնության կոչ հնչեցնելու վարույթով նախաքննության ավարտ․ մեղադրանք է առաջադրվել
ԻրավունքԱվարտվել է Աբովյանի բնակիչ Գ. Ավետիսյանի կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով՝ «Գերաս Ավետիսյան» անունով օգտատիրոջ անհատական էջով, 2023թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:15-ին և 14:23-ին, տեսանյութեր են հրապարակվել, որոնցում, Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական սուր իրադրության պայմաններն օգտագործելով, կոչ է արվել զենքերը վայր չդնել, զինվել մահակներով, դանակներով, բենզինի շշերով և այլ առարկաներով՝ հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու նպատակով։ Այդ տեսանյութերը տարածվել են նաև առցանց սոցիալական այլ հարթակներով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գերասիմ Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: