Ամերիկահայ բարերարները 22 ամենագնաց են նվիրել ՆԳՆ փրկարար ծառայությանը
ՀասարակությունՀոկտեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Փրկարար ծառայություն։ Նախարարը Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայությանը տրամադրված ամենագնացների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։ Հայտնում են ՆԳ նախարարության ֆեյսբուքյան էջում:
22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համահայկական հիմնադրամին ու նվիրատուներին՝ վստահեցնելով, որ ծառայության ընթացքում տրանսպորտային միջոցները կօգնեն փրկարարներին՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքներում ցույց տալ առաջին օգնություն, տեղափոխել վիրավորումներ ստացած անձանց, իրականացնել հրդեհաշիջման, ձնամաքրման և որոնողափրկարարական այլ գործողություններ։