«Փաստ». Հերթական քննիչ հանձնաժողովին սպասելիս
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանություններն ինտենսիվ քննարկում են հերթական քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու թեմային: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովն իր կազմով, առավել ևս գործառույթներով էականորեն ոչնչով չի տարբերվելու մինչ այդ գոյություն ունեցող հանձնաժողովներից և նպատակ է ունենալու ապահովել հերթական շոուն, մեղքը հեռացնել Փաշինյանից ու այլ մեղավորների հետ կապված հանրային կարծիք ձևավորել:
Սրան ընդառաջ իշխանությունն իր ամբողջ քարոզչամեքենայով լծված է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովելու գործին: Մասնավորաբար, մերձիշխանական որոշ շրջանակներ սկսել են ինչ-որ դավադրապաշտական տեսություններ հորինել, թե իբր ինչ-ինչ գործարքներ են կատարվում հայաստանյան իշխանությունների թիկունքում, մի խոսքով՝ զբաղված են «մութ սենյակում կատու փնտրելով»՝ հիմնականում կապված արցախցի պաշտոնյաների ու պատգամավորների հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սրանով փորձ է արվում հանրային կարծիք ձևավորելու, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ իշխանությունների հնարավոր գործողությունները արդարացնելու համար»: