Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Տրանսպորտի նախարարին
Դիվանագիտական առաքելություններ
Հուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի:
Ողջունելով Ռուսաստանի Տրանսպորտի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ երկու երկրների գործակցային ջերմ հարաբերություններին: Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների՝ քրտինքով և արյամբ նվիրագործված բարեկամական հարաբերությունների նախանձախնդիր պահպանումն ու զարգացումը: Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում նշեց, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կերտման ակունքներում քրիստոնեական հավատն է եղել ու այսօր էլ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիներն առանձնակի ջանքեր են ներդնում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ սեպտեմբերին կայանալիք Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ հայկական եկեղեցու օծման արարողությանը, որը նշանակալի կարևորություն պիտի ունենա մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքի համար:
Իր հերթին Ռուսաստանի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը շնորհակալություն հայտնեց համաքրիստոնեական նշանակություն ունեցող հայոց հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար՝ ուրախությամբ արձանագրելով, որ երկու երկրների հարաբերությունները հատկանշվում են ոչ միայն սերտ գործակցային, այլև բարեկամական ոգով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)