Մենք մեր ճակատագրին ԱՅՈ՛ ասողներն ենք, մենք տերն ենք մեր երեկվա և վաղվա իրականության. Հովհաննես Մանուկյան
Բլոգոսֆերա
Հովհաննես Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երբ տարիներ առաջ, մենք համախմբվեցինք և հաստատուն ԱՅՈ ասացինք մեր անկախությանը, օդում թևածում էր վաստակած ազատության հուսալի, քաղցր, միևնույն ժամանակ ոչ լիովին ըմբռնելի հեռանկարը: Տարիները ցույց տվեցին, որ մեր պապերի բաղձալի երազանքը իրականացնելը քիչ է, հարկավոր էր ապրել, պայքարել (այդ թվում՝ մարտի դաշտում), ստեղծել ու ապացուցել, որ ի զորու ենք կրելու ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ լինելու պատվավոր կոչումը:
Այսօր չդիմացողներին մեղադրելու օրը չէ, բայց բացթողումները վերհիշել ու դրանցից դասեր քաղել պարտավոր ենք միշտ: Մի բան հաստատ է, որ հուսահատվելն ու ընկճվելը ոչ միայն չարիք են մեր ազգի համար, այլև անտեղի ճոխություն, ինչի ո՛չ կարիքը, ո՛չ էլ ժամանակն ու ռեսուրսը չունենք: Մենք մեր ճակատագրին ԱՅՈ՛ ասողներն ենք, մենք տերն ենք մեր երեկվա և վաղվա իրականության և հետևաբար այն ավելի լավը դարձնելու միակ պատասխանատուներն ենք:
Չմոռանանք, որ մենք ուժեղ և կատարելության ձգտող ժողովուրդ ենք: Այս ձգտումն է թերևս մեր բնավորության մեջ արմատացած ամեն ինչից (նաև ինքներս մեզանից) դժգոհ մնալու հիմնական բացատրությունը: Գուցե վաղուց ժամանա՞կն է գնահատել ձեռքբերումները, թեկուզ և համեստ լինեն դրանք, հպարտանալ մեր ռազմական հաղթանակներով:
Ամեն դեպքում քիչ չեն օրինակները, երբ պատմությունն ապացուցում է, որ կարելի է խաղաղ ու երջանիկ լինել՝ չփնտրելով ավելորդ մարտահրավերներ: Հիշենք, որ մեր նախնիներին բազմիցս է հաջողվել հասնել կատարելության: Դե, թեկուզ մեր կատարյալ այբուբենը: Չէ՞ որ, դարերն ապացուցեցին, որ մեզ բնավ "և" մեծատառ հարկավոր չէ…
Շնորհավորում եմ Անկախության օրը: Թո՛ղ մեր երեխաներն ապրեն խաղաղ և զարգացող երկրում, իսկ մենք ի զօրու լինե՛նք նրանց բավարար հայրենասիրություն "ներարկելու", որպեսզի օրնիբուն աշխատանքով իրենց երազանքներն իրենց երկրում իրականացնելու կամք, պատրաստակամություն և հավատ ունենան․..»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել