Հակաբիոտիկները դեղատներից բաց կթողնվեն միայն դեղատոմսերով
Հասարակություն
Հայաստանում փետրվար ամսից 3632 անուն դեղ, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն միայն դեղատոմսերով։ Առողջապահության նախարարության հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանն ասաց, որ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգն արդեն իսկ հաստատվել է եւ ուժի մեջ կմտնի երեք ամիս անց: «Վերահսկողական մարմինն արդեն ձեւավորման փուլում է: Այն կիրականացնի պատշաճ վերահսկողություն, եւ ինքնաբուժումը կբացառվի»,-նշեց նա:
Գյուրջյանի խոսքով` նոյեմբերի 13-ից մեկնարկած հակաբիոտիկների պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն հանրության, այլեւ բուժաշխատողների լայն շրջանում: «2015 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է հակաբիոտիկների պատշաճ օգտագործման իրազեկմանն ուղղված շաբաթ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել հակաբիոտիկների հետ կապված չարաշահումների եւ ոչ նպատակային կիրառման պատճառած վնասները: «Դրանց ոչ նպատակային կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկական կայունության զարգացման: Հակաբիոտիկը պետք է պահել որպես ռեզերվ: Այն շատ կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում նաեւ մի շարք վարակիչ հիվանդությունների պայքարի հարցում»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում այս տարի կանցկացվեն համապատասխան միջոցառումներ` ուղղված դեղակայուն մանրէների վարակից խուսափելուն: «Միջոցառումներ են տարվում նաեւ անասնապահության ոլորտում հակաբիոտիկների ճիշտ եւ նպատակային օգտագործման ուղղությամբ, քանի որ դրանք անասնապահության մեջ կիրառվում են ոչ միայն բուժման, այլեւ աճը խթանելու համար»,-ասաց նա:
Քրիստինե Գյուրջյանը հորդորեց հակաբիոտիկ օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ դեղաչափով եւ այնքան օր, որքան բժիշկն է նշանակել: «Չի կարելի կիսատ թողնել բուժումն ու առանց բժշկի հետ խորհրդատվության դադարեցնել հակաբիոտիկի կիրառումը: Չի կարելի նաեւ ինքնաբուժմամբ զբաղվել»,-ասաց Գյուրջյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը